«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկները շարունակում են ակտիվորեն հանդես գալ միջազգային հարթակներում։
Մեր գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգներ Մանիկ Գեմիլյանը և Էդմոնդ Բաղդասարյանը վերջերս հարցազրույց են տվել Եվրոպական Կրոնի և Կոլիտի Կազմակերպության (ECCO) լրատվականին՝ ներկայացնելով Հայաստանի գաստրոէնտերոլոգիայի ոլորտի ներկա վիճակը, հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Հարցազրույցի ընթացքում բժիշկները ներկայացրել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ աղիքների բորբոքային հիվանդություններով պացիենտների շրջանում կենսաբանական թերապիաների սահմանափակ հասանելիությունը և առողջապահական համակարգում դրա լուծման ուղիները։ Ներկայացվել են նաև Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի իրականացրած կրթական և գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցությունները։
Կարևորվել է երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը ոլորտում՝ որպես գիտական շարունակականության, նորարարության և բարձր որակավորում ունեցող սերունդների ձևավորման նախապայման։
Համալսարանական բժիշկները շեշտել են, որ ECCO-ն բացառիկ հարթակ է՝ եվրոպական առաջատար գիտահետազոտական կենտրոնների, մասնագետների և հովանավոր կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու համար։ Նման կապերն էական նշանակություն ունեն գիտական և կլինիկական փորձառության փոխանակման, ինչպես նաև համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման գործում։
Այս համագործակցությունները, ըստ նրանց, կարող են վճռորոշ դեր խաղալ Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացման և եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրակարգ բուժօգնության ապահովման գործում։
Հարցազրույցն՝ այստեղ
https://www.ecco-ibd.eu/.../2025-1-meet-the-reps-armenia...
.png)